jeudi 24 décembre 2015

ՎԱՐՔ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ

{ԻԱ}

Ապա դրանից հետո դարձյալ՝ երանելի Մաշթոցն իր այսպիսի շատ ու բարձրագույն ուսումով սկսեց կարգել եւ հորինել հաճախագույն, դյուրապատում, շնորհագիր, բազմադիմի ճառեր մարգարեական գրքերի լուսավորությունից ու հյութից, ավետարանական ճշմարիտ հավատքի ամեն ճաշակներով լիքը: Դրանց մեջ՝ ավելի հանդերձյալ կյանքի հարութենական հույսի վերաբերյալ՝ շատ նմանություններ եւ աւրինակներ կարգավորեց կազմեց աշխարհիս անցավոր բաներից, որպեսզի տխմարներին ու մարմնական բաներով զբաղվածներին հեշտ ընդունելի եւ դյուրահաս լինին՝ {նրանց} սթափեցնելու ու զարթեցնելու խոստացված պարգեւների նկատմամբ հիմնովին քաջալերելու համար:

{ԻԲ}

Եւ այսպես՝ Հայաստանի, Վրաստանի եւ Աղվանքի բոլոր կողմերում իր ամբողջ կյանքի ընթացքում ամառ ու ձմեռ, գիշեր ու ցերեկ, անվեհեր եւ առանց բնավ հապաղելու, իր իսկ ավետարանական եւ ողջապատում վարքով ամենափրկիչ Հիսուսի անունը կրեց իր անձի վրա թագավորների, իշխանների ու բոլոր հեթանոսների առաջ եւ առանց ընդդիմության հակառակորդների կողմից: Եւ ամեն մարդու զարդարեց Քրիստոսի զգեստով եւ հոգեպես, եւ շատ բանտարկյալներ ու կալանավորներ եւ նեղյալներ ազատեց՝ Քրիստոսի ահավոր զորությամբ կորզելով նրանց բռնակալների ձեռքից: Եւ շատ անիրավ մուրհակներ պատռեց, եւ շատ սգավորների ու նեղսրտածների իր մխիթարական վարդապետությամբ ակնկալություն ու հույս տվեց մեծ աստծու, մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնության ժամանակի համար, եւ ամենքին ընդհանրապես՝ փոխեց, աստվածպաշտության կարգ ու կանոնի մեջ դրեց:

{ԻԳ}

Եւ դարձյալ շեն ու անշեն տեղերում բնակեցնելով հաստատեց վանականների շատ ու անհամար խմբեր, դաշտական ու լեռնական, անձավամուտ ու արգելական: Ժամանակ առ ժամանակ իր անձով հենց՝ աւրինակ էր ցույց տալիս նրանց. ամեն մենաստաններից հետն առնում էր աշակերտներից մի քանիսին, եւ գնում, լեռնակյաց, սորամուտ, ծակախիթ էր դառնում, իրենց աւրական սնունդը խոտեղեն ուտելով էին վերջացնում: Եւ այսպես վշտակյաց տկարության էին անձնատուր լինում, մանավանդ որ աչքի առաջ ունեին առաքելական խոսքերի մխիթարությունը, թե՝ ''Երբ տկար եմ Քրիստոսի համար, այն ժամանակ զորացած եմ լինում'', եւ թե՝ ''Ավելի լավ է պարծենամ տկարությամբս, որպեսզի ինձնում բնակվի Քրիստոսի զորությունը'':

Այնտեղ այնուհետեւ չէին հարբում գինով, այլ լցվում էին հոգով եւ սրտերը հոգեւոր երգերով պատրաստում ի փառս եւ ի գովություն աստծու: Այնտեղ վարժվում էին հոգեպատում գրքերի քաղցրուսույց ընթերցանությամբ: Այնտեղ՝ վարդապետի քաջալերությունն ու հորդորը, որ ընտրյալներն առաջ դիմելով հասնեն Քրիստոսի դրած պսակահաս կետին: Այնտեղ հոգով եռում էին աստվածպաշտական ծառայությամբ: Այնտեղ՝ աղերսալի աղոթքներ եւ ամենքի կյանքի համար հաշտեցուցիչ խնդրվածքներ մարդասեր աստծուց:

Եւ նա այս միեւնույն հոգեկրոն արվեստով շատ աւրեր անց էր կացնում անապատ տեղերում, մինչեւ որ երեցներց իմաց էր տրվում {նրան}, որ այն կողմերի եկեղեցիներին մի որեւէ աւգտակար բանի համար աւգնության հասներ Քրիստոսի շնորհքով: Եւ նա առանց բնավ դանդաղելու՝ իր գործակիցների հետ իջնում էր պատահած դեպքին աւգնելու, եւ աստծու զորությամբ վերջացնում էր, եւ անփակ բերանով ավելի հորդ ու առատ էր ծավալեցնում վարդապետության վտակները լսողների սրտերի մեջ:

Եւ այս անում էր նա իր ամբողջ կյանքում իր անձի եւ աշխարհի համար:

ՆՈՒՅՆԸ՝ ԳՐԱԲԱՐ

{ԻԱ}

Ապա յետ այնորիկ դարձեալ՝ այնպիսի առաւել եւ բարձրագոյն վարդապետութեամբն՝ սկսեալ երանելոյն Մաշթոցի ճառս յաճախագոյնս, դիւրապատումս, շնորհագիրս, բազմադիմիս ի լուսաւորութենէ եւ ի հիւթոյ գրոց մարգարէականաց կարգել եւ յաւրինել, լի ամենայն ճաշակաւք աւետարանական հաւատոցն ճշմարտութեան: Յորս բազում նմանութիւնս եւաւրինակս ի յանցաւորացս աստի, առաւելագոյն վասն յարութենական յուսույն առ ի հանդերձեալսն, յերիւրեալ կազմեալ, զի հեշտընկալք եւ դիւրահասոյցք տխմարագունիցն եւ մարմնական իրաւք զբաղելոցն լինիցին, առ ի սթափել եւ զարթուցանել եւ հաստատահիմն առ ի խոստացեալ աւետիսն քաջալերել:

{ԻԲ}

Եւ այնպէս յամենայն կողմանս Հայոց, Վրաց եւ Աղուանից զամենայն ժամանակս կենաց իւրոց, զամառն եւ զձմեռն, զտիւ եւ զգիշեր՝ անվեհեր եւ առանց յապաղելոյ իւրով իսկ աւետարանական եւ ողջապատում գնացիւքն՝ առաջի թագաւորաց եւ իշխանաց եւ ամենայն հեթանոսաց եւ անընդդիմակաց ի հակառակորդաց՝ զամենափրկչին Յիսուսի անուն կրեաց յանձին: Եւ զամենայն ոգի քրիստոսազգեստ եւ հոգեղէն վառեաց, եւ բազում բանդականաց եւ կալանաւորաց եւ տագնապելոց ի բռնաւորաց թողութիւն արարեալ՝ կորզելով զնոսա ահաւոր զաւրութեամբն Քրիստոսի: Եւ բազում մուրհակս անիրաւութեան պատառեաց, եւ բազում սգաւորաց եւ կարճամտելոց՝ մխիթարական վարդապետութեամբն զակնկալութիւն յուսույն ըստ յայտնութեան փառաց մեծին Աստուծոյ փրկչին մերոյ Յիսուսի Քրիստոսի նաւթճեաց. եւ զամենայն միանգամայն յաստուածպաշտութեան պայման անդր փոխեաց:

{ԻԳ}

Եւ դարձեալ բազում եւ անհամար գունդս վանականաց ի շէնս եւ յանշէնս, դաշտականս եւ լեռնականս, անձաւամուտս եւ արգելականս բնակեցուցեալ հաստատէր: Զորս ընդ ժամանակս ժամանակս իւրով իսկ անձամբ աւրինակ ցուցանէր. առեալ զոմանս յաշակերտաց յիւրաքանչիւր մենաստանացն եւ երթեալ լեռնակեաց, սորամուտ ծակախիթ եղեալ՝ զառաւրէական զկերակուրն խոտաբուտ ճաշակաւքն վճարէին: Եւ այնպէս վշտակեաց տկարութեան զանձինս տային, մանաւանդ որոց հայեցեալ ի մխիթարութիւն առաքելական բանիցն, թե՝ ''Լաւ եւս լիցի պարծել տկարութեամբս, զի բնակեսցէ յիս զաւրութիւնն Քրիստոսի'':

Անդ էր այնուհետեւ չարբենալ գինւով, այլ առաւելուլ հոգւով, եւ պատրաստել զսիրտս երգովք հոգեւորաւք, ի փառս եւ ի գովութիւն Աստուծոյ: Անդ կրթութիւն քաղցրուսոյց ընթերծուածոց՝ հոգեպատում գրոց: Անդ քաջալերութիւն յորդորական վարդապետութեան, առ ի յառաջադէմ ընտրութեանն պսկահաս քրիստոսագիր կիտին: Անդ եռալ հոգւով աստուածապաշտ ծառայութեամբ: Անդ աղաւթք աղերսալիք, եւ խնդրուածք հաշտեցուցիչք վասն ամենեցուն կենաց՝ առ մարդասէրն Աստուած:

Եւ նովին հոգեկրաւն արուեստիւն հանէր աւուրս բազումս յանապատ տեղիս, մինչեւ ազդ լինէր յերիցանց՝ իրաց ինչ աւգտակարաց եկեղեցեաց կողմանցն այնոցիկ՝ հասանել յաւգնականութիւն շնորհաւքն Քրիստոսի: Եւ նորա առանց իրիք զբաղելոյ՝ հանդերձ գործակցաւք իջեալ ի թիկունս դիպացն պատահելոց, եւ վճարեալ զաւրութեամբն Աստուծոյ, եւ յորդորագոյնս եւ պարարտագոյնս եւ անփակ բերանով՝ զվտակս վարդապետութեանն ի սիրտս լսողացն ծաւալեցուցանէր:

Եւ զայս առնէր զամենայն ժամանակս իւր վասն անձին եւ վասն աշխարհի:


ԿՈՐՅՈՒՆ, ՎԱՐՔ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ

''ՀԱՅԱՍՏԱՆ''հրատարակչություն, 1994թ.


Aucun commentaire:

Enregistrer un commentaire