mercredi 13 avril 2022

Գրիգոր Նարեկացի. Բան Գ, մաս Ա, Grigor Narekatsi, 3/1


 

Գրիգոր Նարեկացի. Բան Գ, մաս Ա. «Մատյան ողբերգության»

Շողեր Քոչարի թարգմանությամբԳիր դարերի» ժողովածու ©

 Ընթերցում է թարգմանիչը

Grigor Narekatsi, 3/1

jeudi 23 septembre 2021

«ԳԻՐ ԴԱՐԵՐԻ». նոր ժողովածու


 Լավ գիրքը կյանքի ամենաթանկարժեք գանձերից մեկն է: /Ս.Սմայլս/

Սիրով հայտնում ենք, որ լույս է տեսել Շողեր Քոչարի «Գիր դարերի» ժողովածուն, որը նվիրված է Մեսրոպ Մաշտոցին, Հայոց Այբուբենին, Մեծ Եղեռնի սրբադասված նահատակներին:
Ժողովածուն ընդգրկում է հեղինակի իմաստասիրական ստեղծագործությունները, թարգմանություններ գրաբարից, գիտական ուսումնասիրություններ, հոդվածներ, տաղերի նոտագրություններ:
Գրքում բանաստեղծորեն եւ գիտականորեն ապացուցվում է Հայոց Այբուբենի 36 նշանագրերով գրելու, ստեղծագործելու անհրաժեշտությունը:
Շնորհակալություն գրքի խմբագիրներ Լուսինե Ասպոյանին, Էլյա Սարիբեկյանին, սրբագրիչ Լիլիկ Քոչարյանին, «Տիգրան Մեծ» հրատարակչությանը:
«Գիր դարերի» ժողովածուն շուտով հասանելի կդառնա մի շարք գրադարաններում եւ գրատներում

samedi 7 août 2021

Գույներով հոգուս երգի


Վրձինը՝
որպես մտքիս նժույգ,
փայտը՝
որպես մասունք խաչափայտի,
հավերժագրում եմ ճշմարտությունն
արարչական,
գույներով հոգուս երգի...
«Ինչ-որ հանճարեղ համադրությամբ» շարքից
«Գիր դարերի»ժողովածու

jeudi 13 mai 2021

Արդարությունը եւ ճշմարտությունը կենսական արժեքներ են

1921 թ.-ի հուլիսի 4-ին ՌԿբԿ Կովկասյան բյուրոյի ժողովի նիստում որոշվեց Լեռնային Ղարաբաղը միացնել Հայաստանին: 1921թ.-ի հուլիսի 5-ին ՌԿբԿ Կովկասյան բյուրոն, Ստալինի ներկայությամբ, ընդունեց ապո'րինի որոշում, որով Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին: Հուլիսի 4-ին նշվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության տոնը. պատահականություններ չեն լինում. Արցախի միացումը Հայաստանին, Արցախյան գոյամարտը ուղղակիորեն կապված է ԱՄՆ ապագա գոյության հետ: Հ.Գ. Հասկացողը հասկացավ: Շողեր Քոչար. 13.05.2021

/Քարտեզը վերցված է համացանցից/



mardi 4 mai 2021

ԺԱՄԱՆԱԿ ԵՒ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ


Ժամանակը հաստատուն հավերժության շարժական պատկերն է:
Պլատոն
Le Temps est l'image mobile de l'éternité immobile.
Platon
Լուսանկարը՝ 27.04.2021. քաղաք Ապարան

jeudi 22 avril 2021

Հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի՝ Սրբադասված նահատակների հիշատակին


 

1896-1923 թվականներին Հայոց լեռնաշխարհի բնիկ ժողովուրդների, մասնավորապես Հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի՝ Սրբադասված նահատակների հիշատակին

ԴԱՐԵՐ

ԴԱՐԵՐ
Շողեր Քոչար
փայտ, ներկեր

samedi 16 juin 2018

ՈՍԿԵ ՀՐԱՇՔ ԺՈՂՈՎԱԾՈՒ

ՈՍԿԵ ՀՐԱՇՔ ժողովածուն կարող եք ձեռք բերել ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ գրատնից` Վաղարշապատ, եւ ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ գրատնից:


dimanche 25 février 2018

mardi 20 février 2018

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ

Մանո՛ւկ Հացեկացի,
Երկնային այցելու,
Սիրո ու հավատքի սերմնացան,
Րաբունական փարոս
Ոսկեդարի,
Պսակ՝ ապագայից մինչեւ անցյալ…

Մանո՛ւկ Հացեկացի,
Անհունից ծովացած,
Շնորհների աղբյուր
Տերունական,
Ոգեղենի ասպետ, հոգեւորի հովիվ,
Ցորյանի հասկ՝ անմահ, հավերժական…

Շողեր Քոչար
ՈՍԿԵ ՀՐԱՇՔ ժողովածու

ՇՈՂԱԿԱԹ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

20.02.2018

dimanche 11 février 2018

ՆԱՎԱՊԵՏԸ ՀԱՆՈՒՆ ՄԵԿԻ

Նավապետը հանուն Մեկի

Գուցե թողնի ամենքին,

Նավապետ հանուն Մեկի,

Գուցե փրկի ամենքին,

Ո՛չ տգետն է սարսափելի,

Ո՛չ ովկիանոսն ամեհի,

Միեւնույն է, Նա իր նավը

Նավահանգիստ կտանի:


Շողեր Քոչար

Հիմն Հավերժության ժողովածու

jeudi 2 novembre 2017

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ․ ՀԱՆՃԱՐՆԵՐԸ ԱՍՏԾՈ ՄԱՍԻՆ

Արարող Աստվածն ու հաստատող Տէրը Իր գործերի բերումով ունի նաեւ փառավոր եւ կենարար անվանումներ՝ ըստ Իր երախտիքի, այսպես՝ Բարերար, Ողորմած, Սուրբ, Երկայնամիտ, Ստույգ, Ճշմարիտ, Աներևույթ Զորություն: Այդ ըմբռնելի անվանումները աներեւույթ հոգեւոր զորքերին ու մարդկանց որդիներին խրատում ու առաջնորդում են ընտրելու սրբության լավ ու առաքինի գործերը:

Ովքեր փառավորյալ են՝ կարարեն կենարար արվեստներով, նրանց գործակից կլինի Աստված Իր շնորհներով: Այս դեպքում տվյալ արարածը կստանա իր Արարչի անվանումը:

Դրանով մեծարվելով՝ նա կմտնի Աստծո մարդասեր Որդու ժառանգությունից ներս եւ հավիտյան կվայելի անմահ արքայի անվախճան ու անսպառ երանությունների բարիքներից:

Մեսրոպ Մաշտոց

vendredi 20 octobre 2017

ՀԱՆՃԱՐՆԵՐԸ ԱՍՏԾՈ ՄԱՍԻՆ․ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

Իսկ Ստեղծողի խնամարկության եղանակը վեր է,

Քան սահմանը հրեշտակաց եւ երկրականների մտքի կշռության,

Եւ եթե բյուրս կրկնվի, չի լինի չափեալ,

Քանզի անբովանդակելիի եւ բարերարելն է անճառելի։



Իսկ յեղանակ խնամարկելոյ հաստողին ի վեր է,

Քան զսահման կշռութեան մտաց հրեշտակաց եւ երկրականաց,

Եւ եթե բիւրս կրկնեսցի, ոչ լինի չափեալ,

Քանզի անբովանդակելոյն եւ բարերարելն է անճառելի։


Գրիգոր Նարեկացի, Բան ԽԴ 

jeudi 19 octobre 2017

ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ճշմարտությունը հարգելը գերիմաստության սկիզբն է։

Ա․Գերցեն


Ճշմարտությունը զորանում է տեսանելիքով ու ժամանակով, իսկ խաբեությունը շտապողականությամբ ու անորոշությամբ։

Տակիտոս


Սէրը ճշմարտության նկատմամբ այն գտնելու առավել բարենպաստ պայմանն է։

Կ. Հելվեցիուս


Այն փաստը, որ շատերն են ճշմարտություն որոնում եւ չեն գտնում, բացատրվում է, հավանաբար, նրանով, որ ճշմարտություն տանող ուղիները, նոգայական տափաստանի ճանապարհների նման, որոնք մի տեղից տանում են մյուսը, նույնքան լայն են, որքան եւ երկար։

Գ․Լիխտենբերգ


Ճշմարտությունը վերջ ի վերջո թաքնված չի մնա։

Լեոնարդո դա Վինչի


Մեծագույն հարգանքը, որ կարելի է ցույց տալ ճշմարտությանը, դա նրանով ղեկավարվելն է։

Ռ․Էմերսոն

mercredi 18 octobre 2017

ՀԱՅՆՐԻԽ ՀԵԿՔԵԼ․ ՄՏԱԾՈՂՆԵՐԸ ԱՍՏԾՈ ՄԱՍԻՆ

Որքան շատ ենք խորհրդածում, այնքան պարզ ենք ըմբռնում, որ Աստված նյութական աշխարհի մասին մտածում է ոչ թե որպես արտաքին էություն, այլ որպես «Աստվածային ուժ», Ով ներկա է, կամ՝ որպես անմիջական աշխարհաստեղծման «Շարժիչ Հոգի»։

Հայնրիխ Հեկքել, /1834-1919/, գերմանացի կենսաբան, բնախույզ եւ փիլիսոփա։

Ա․ Ոսկանյանի աշխատասիրությամբ «Մեծերը Աստծո մասին» գրքից

ԿԱՌԼ ՀԱՅԶԵՆԲԵՐԳ․ ՄՏԱԾՈՂՆԵՐԸ ԱՍՏԾՈ ՄԱՍԻՆ․

Բնագիտության գավաթից խմած առաջին կումը աթեիզմ է ծնում, բայց գավաթի հատակին աստվածային հայտնությունն է մեզ սպասում։

Կառլ Հայզենբերգ, /1901-1976/, գերմանացի փիզիկոս-տեսաբան, քվանտային մեխանիկայի ստեղծողներից։

Ա․ Ոսկանյանի աշխատասիրությամբ «Մեծերը Աստծո մասին» գրքից

mardi 17 octobre 2017

ՄՏԱԾՈՂՆԵՐԸ ԱՍՏԾՈ ՄԱՍԻՆ․ ԴԵՅՎԻԴ ԷՅԶԵՆՀԱՈՒԵՐ

Առանց հոգեւոր վերածննդի եւ առանց Գողգոթայի մարդկությունը չի կարող խույս տալ երրորդ համաշխարհային պատերազմից։


Դեյվիդ Էյզենհաուեր, /1890-1969/, ԱՄՆ 34-րդ նախագահ /1953-1961/

Ա․ Ոսկանյանի աշխատասիրությամբ «Մեծերը Աստծո մասին» գրքից

lundi 16 octobre 2017

ՄՏԱԾՈՂՆԵՐԸ ԱՍՏԾՈ ՄԱՍԻՆ. ՑԻԱԼԿՈՎՍԿԻ

Տիեզերքում եւ բնության մեջ չկան աւրենքներ եւ սկզբունքներ առանց Աստծո միջամտության։ Ուրեմն ամենայն ինչ կախված է Աստծո միջամտությունից։ Աստված է Սկզբնապատճառը տիեզերական ու բնության բոլոր երեւույթների, պատճառը ամենայն գոյության եւ դրանց վերաբերող աւրենքների։

Կոնստանտին Ցիալկովսկի, ռուս գիտնական, հետազոտող, ժամանակակից տիեզերագնացության հիմնադիրը

Ա․ Ոսկանյանի աշխատասիրությամբ «Մեծերը Աստծո մասին» գրքից

ԹՈՄԱՍ ԿԱՐԼԱՅԼ․ ՄՏԱԾՈՂՆԵՐԸ ԱՍՏԾՈ ՄԱՍԻՆ

Քրիստոսը մեծագույն անհատականությունն է, Ով փոխեց մարդու եւ ժողովուրդների ողջ պատմությունը։

Թոմաս Կարլայլ, /1795-1881/, անգլիացի գրող, պատմաբան, փիլիսոփա

dimanche 15 octobre 2017

ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ ՆԵՐԲՈՂ ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ ՍՈՒՐԲ ԽԱՉԻՆ

Մարգարեն ձայնում է. «Բարձրացրեք մեր Տեր Աստծուն, երկրպագեցեք նրա սուրբ ոտքերի պատվանդանին» [Սաղմ. 98, 5]: Ես նույնպես նույնն եմ քարոզում` Հոգու ազդմամբ ձայնելով: Որովհետև եթե այն սուրբ ու պատվական այրը, իբրև ճշմարտության աւրինակ` Սիոն լեռը, մանավանդ այնտեղ լինելիք շնորհների մշտնջենավորությունը տեսավ` այն նմանեցնելով Աստծո ոտքերի պատվանդանի, եւ հորդորեց իսրայելյան ազգին` երկրպագել ու բաձրացնել Աստծուն, ապա նաեւ ինձ` անարժանիս, ոչ մի դատապարտություն չի հասնի այժմյան խոսքերիս ստուգության պատճառով:

Քանի որ մեր առջեւ գտնվողը աւրինակ չէ, այլ աւրինակի ճշմարտություն, եւ ո՛չ խորհրդով պատվանդան միայն, այլ նաեւ տաճար, սեղան եւ աթոռ: Այս սրբությունն իսկապես Աստծո ոտքերի պատվանդան է, իսկ իմանալի սուրբ լեռը` դիտանոց. այդպես է թարգմանվում Սիոնը: Որի համար էլ սուրբ, կատարյալ հավատի բոլոր մանուկներին երկրպագության հորդոր ենք անում: Քանի որ ճշմարիտ աստվածաւրհնությունն ու երկրպագությունն այս է. եղբայրնե՛ր, եկեք երկրպագե՛նք երիցս փափագելի ու քրիստոսազարդ այս սուրբ Նշանին: Քանի որ սա մեզ համար առիթ է` փոխվելու մահվանից կյանք, կյանք, որն անցավոր ու երկրավոր չէ, այլ անվախճան է, անճառելի ու անմատչելի: Որ առավել է, քան հրեշտակական բարերջանկությունը` ըստ Ավետարանի խոսքի: Քանզի սա մեզ մարմնի դյուրություններից եւ այն ամենից, ինչ աշխարհում կա, հետ է պահում առանց իղձի, եւ սա է մեր փրկության պատճառը այն ախտերից, որ հաստատվել են մեր հոգում:

Արդ, մեր այսքան եւ այսպիսի բարիքների համար ինչպիսի՜գոհություն պիտի հայտնենք: Որքան մեր կարողությունն է, գովասանական երգերով միշտ խոնարհվելով` երկրպագե՛նք: Եւ երբ խոնարհվենք, հեռու վանենք ծանր ու թմրեցնող ամեն մի խորհուրդ, հոգու հստակ տեսությամբ թեթեւացած` արժանանանք երկնային խորհուրդի եւ դեպի բարձրագույնը բարձրանանք:

Քանի որ ոչ թե փոքր բան կամ այդ տեսանելին է մեր առջեւ, այլ որ դրանով ու դրա մեջ մեծն ու հրաշալին է ծածկված, հիացնող ահավոր զորությունը: Քանի որ կրկնակի եւ ոչ թե մեկն է դրա զորությունը:

Թեեւ հողից աճած բույսի տունկ` փայտ է երեւում մեզ, սակայն նրա մեջ է այն, որ երկիրը, միաժամանակ նաև ամբողջ երկինքը կրելու զորություն ունի, որին մոտենալ կամեցողը հարկ է, որ հույժ մաքուր լինի: Քանի որ եթե երկնքի բուն Մաքրագույնի առջև սերովբեները թեւերով երեսները ծածկած են կանգնում, ապա անարգներիցս եւ հողանյութներիցս որքա՜ն արժանավոր մաքրություն է պահանջվում:

Սակայն ինձ փոքր չի թվում հիանալը անունների այլափոխությամբ, որ զանազանվում է չորս եղանակով` բնական, մասնավոր, ձևական եւ իմացական: Բնականն այն է, որ փայտը նույնանուն է ասվում, մասնավորն այն է, որ միայն իրեն է հատուկ, աւրինակ` կիպարիս, ձեւականը` որ խաչն իբրեւ սպանության գործիք է հաստատված, իսկ իմացականը` վեր, քան ամեն մի խոսք` աստվածախաչ է այն եւ կյանքի գործիք:

Ո՞վ չի սքանչանա այս ասածներիս վրա` թե սպանման գործիքը միաժամանակ եւ կյանքի գործիք է: Սրա ձևը դեպի մահ է նայել տալիս, իսկ սրա զորությունը` դեպի կյանք: Որովհետեւ բնութենակից է այն տունկին, որով մահն է, թեեւ ոչ տեսակով, եւ կրում է այն տունկի զորությունը, որով կյանքն է, թեեւ ոչ բնությամբ: Քանի որ ճշմարիտ Կյանքը, մերձենալով սրան, վատթար զորությունը` մահը, փոխեց լավի` կյանքի, որովհետև կյանք է պարգևում այն ամենին, ինչին մոտենում է:

Խավարի դեմ լույս ունեմ այդ, որով ճշմարտվում է Աստծո խաչ լինելը: Եվ աստվածախաչ անվանելով այդ, ո՜վ աստվածասերներ, մի՛ ամաչեք, քանի որ այն պարծանքների պարծանք է մեզ համար ըստ Պողոսի. «Ո՛վ Տիմոթեոս, ամոթ մի՛ համարիր վկայել մեր Տեր Հիսուսին, այլ մասնակի՛ց եղիր ավետարանելու Աստծո զորությունը, որ մեզ փրկեց» [Բ Տիմ. 1,8]: «Որովհետև կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ` փրկվածներիս համար` Աստծո զորություն» [Ա Կոր. 1,18]: Եվ` «Ես եւս ամոթ չեմ համարում Աստծուն ավետարանելը, քանի որ այն Աստծո զորությունն է` ի փրկություն բոլոր հավատացյալների» [Հռ. 1,16]: Ապա ուրեմն սա ոչ թե ամոթ է մեզ, այլ պարծանքների պարծանք, քանի որ մեր աստվածազոր փրկությունն է:

Զվարթունը Տիրոջ գերեզմանի մոտ մարդկորեն խորհող տրտմած կանանց սփոփեց. «Փրկչի՞ն եք փնտրում, ո՛վ կանայք, խաչ ելածի՞ն, հարություն առավ» [Մարկ. 16,6]: Նրանցից, իբրեւ Աստծուն հույժ մերձ գտնվողներից ու վեհերից, մեզ պետք է ուսանել գիտություն եւ բարեպաշտություն` նրանցից աւրինակ առնելով:

Իսկ ո՞վ արդյոք առաքյալի պես սրան կասի զորություն աստվածային սուրբ զորությունից, քանզի հեթանոսները ոչ մի զորություն ճշմարիտ Աստծունը չեն համարում, նույնիսկ ձյան սառեցնելն ու կրակի այրելը, մինչդեռ միակ Ճշմարտի մեջ է ամենայն զորություն:

Սա նշանն է Աստծո` մարդկանց հանդեպ սիրո. ինչպես աստվածային Գիրքն է ասում. «Աստված Իր` մեր հանդեպ սերը հայտնեց. մենք մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար մեռավ» [Հռ. 3, 8]: Եւ` «Աստված այնքան սիրեց մարդկանց, մինչև Իր Միածին Որդուն տվեց» [Հովհ. 3, 16]: Եւ՝ «Նրա` մեր նկատմամբ սերը նրանով երևաց, որ Իր անձը դրեց մեզ համար» [Եփես. 5, 2]: Եւ` «Ոչ ոք չունի այնպիսի սեր, որ իր անձը դնի իր բարեկամի համար, ինչպես որ ես եմ դնում իմ անձը» [Յովհ. 15, 13],- վկայում է Տերը: Արդ, Նա, Ով Իր անձը դրեց սրանո՛վ դրեց, սրա՛ վրա դրեց եւ տակավին սրա վրա է ու չի բաժանվում սրանից:

Ուրեմն հիրավի, ինչպես ասվեց, Աստծո զորությունն է սա. թեև սրա վրա Գամվածը մարմնով իջեցվեց վրայից, սակայն Գամվածի զորությունը նաեւ այսաւր է սրան միացած: Քանի որ ով հաճեց սրա վրա բնակվել, սրանից չբաժանվեց, այլ բնակվեց, բնակվում է եւ պիտի բնակվի:

Այսուհետեւ արժանանանք հաղորդվելու սրան` համբուրելով այն ոչ իբրեւ սոսկ խաչ, այլ իբրեւ նույն Իրեն` այստեղ գամված Աստծո ահավոր զորությունը: Որովհետև իսկապես այստեղ է Նա, որովհետև ով սրա վրա էր, այժմ էլ սրա վրա է եւ սրա վրա պիտի լինի մինչև հավիտյան: Եվ եթե Հնի ու աւրինակի ժամանակ այսպես է ասում. «Այս է հանգստավայրն իմ հավիտյանս հավիտենից, սրա վրա պիտի բնակվեմ, որովհետև հավանեցի սա» [Սաղմ. 131,14], որքա՜ն ավելի Նորում եւ ճշմարիտում այսպես կլինի:

Ասվում է. «Լեռը, որի վրա բարեհաճեց բնակվել Աստված, եւ Տերն իսկ բնակվելու է այնտեղ հավիտյան» [Սաղմ. 67,17]. այս խոսքը հեռու չէ իմ ասածից: Նույնը նաև սաղմոսի հաջորդ տողն է ցույց տալիս` անվանելով այն Աստծո կառք, որ ելավ բարձունքները` գերյալներին փրկելու. այն բնությունը, որ ոչ մի կառքի կարիք չուներ:

Ասվում է, թե քառադեմ էր կառքը, այս կառքը նույնպես քառադեմ է` խաչակառք, որի վրա բարձրացավ Էմմանուելը եւ ստուգապես կառավարելով` ավար առավ գերվածներին: Սակայն չի ասվում, թե կառքը տեր չունի, այլ` որ Տերը սրա վրա է: Որպեսզի ցույց տա, թե Իր` երկինք ելնելուց հետո այս կառքը երբեք չդատարկվեց եւ թափուր չմնաց եւ հավիտյան թափուր չի մնալու, այլ լի եւ զեղուն ելնումով հավիտյան չի դատարկվելու: Որովհետև ո՛չ թե ժամանակավոր, այլ մշտնջենական պատարագին` սրա վրա Մորթվածին է հավատում Եկեղեցին, ուստի Տիրոջից հրամայվեց զենման նույն խորհուրդը կատարել միշտ, անդադար, մինչև Նրա երկրորդ հայտնությունը:

Ահա հարություն Առածի վրա մնում են մեխերի տեղերը, տեգի խոցվածքը: «Այդ ի՞նչ վերքեր են քո ձեռքերի մեջ» [Զաք. 13, 6],- մարգարէի միջոցով հարցումին պատասխանում է. «Սրանք այն վերքերն են, որ ես ստացել եմ իմ սիրելիի տանը» [Զաք. 13, 6]: Նաեւ Նրա` աշխարհ գալու մասին է ասվում. «Նայեցին, ում որ խոցեցին» [Յովհ. 19,37]. ուրիշ ի՞նչ, եթե ոչ այս սուրբ Պատարագի մշտնջենավորության ու հավիտենականության մասին է ասում այս խոսքը հավատացողներին: Քանի որ անմահ է հավաստի զոհը, անմահ է ու միշտ կենդանի: Քանի որ «Աստված Հոր մոտ է եւ առանց կասկածի մարդ է երկրում, եւ նույն` Աստված Հոր մոտ»: Եւ ինչպես որ ճշմարիտ Աստված է` անպարագրելի ու անբավ, որ մարմնով պարունակվեց Կույսի արգանդում և մարդկորեն ծնվեց. ըստ որում ծնողն աստվածածին է, իսկ Ծնվածը` անպարագրելի ու անբավելի Աստված, այնպես էլ [հարկ] է Նրան համբույրով հաղորդվել եւ մարմնով Նրա մահվամբ մկրտվել:

Որ այս խաչը Աստծո խաչ է, խաչ Ելածը` անմահ, անպարագրելի ու անբավ Աստված, ոչ մի տարակույս չկա: Քանի որ եթե առժամանակյա եւ ոչ անմահ զոհ պատարագվեր այստեղ, ապա ժամանակավոր կլիներ նաև Նրա` խաչ ելնելը: Ապա ուրեմն ճշմարտապես անմահի պատարագ, զոհի զոհաբերման տեղ եւ սեղան է այն: Եւ ո՞ւր արդյոք, եթե ոչ սրա վրա է Նա, Ում ահից դողում են երևելիներն ու աներևույթները, սարսափած փախչում են դեւերն ու խավարի բոլոր իշխանությունները:

Այսուհետև հոգու` իբրև մարմնի աչքերով հայտնապես տեսնելով` հավատացի. իբրեւ թե հենց այժմ Հոր Միածինը սրա վրա բազկատարած մեխված երեւ
աց: Կարծես տակավին փրկական սուրբ արյան ցողը կենարար կողից մեր աչքերի առջև ցայտելով` աներևույթ հրաշքով փրկագործում է բանական հողը:

Սակայն դեռևս ամեն ինչ չէ, որ տեսնում ենք հնազանդված Նրան, «Ով ամեն բան հնազանդեցրեց գործով» [Եբր. 2,8]: Ուրեմն «մինչև ամեն բան լրվի» ասելով` հնազանդություն պետք է իմանալ, ուրեմն եւ` փրկություն: Եւ փրկություն ասելով` ամենքի փրկագործությունը, ինչպես գաղատացիներին ասաց. «Ձեր աչքերի առաջ Հիսուս Քրիստոս նկարագրվեց խաչը ելած» [Գաղ. 3,1]: Դուք, որ չեք կամենում հետեւել խաչին, այլ կերպ եք խորհում, քանի որ ուր խաչն է, այնտեղ է Խաչվածը, իսկ ուր խաչն ու Խաչվածն են, այնտեղ էլ խաչելությունն է:

Արդ, եթե խաչելության մասին լսողը եւ հավատացողը ականատես է ասվում, ուրեմն ուր ականատեսի խաչն է, ինչպե՞ս նրա առջեւ չի լինի խաչելությունը նույն հավատով: Արդ, ուրեմն խաչ ասելով` այստեղ Գողգոթա ենք հասկանում, Գողգոթա ասելով` խաչելություն, խաչելություն ասելով` զոհաբերություն ենք հասկանում, իսկ սրանով` փրկագործություն: Գողգոթա-գագաթը կառափնատեղին է, և այնտեղ է թաղված առաջին մարդը: Եվ ամեն բան այնտեղ է, քանզի գագաթը ցույց է տալիս սրա բարձրությունը, և կառափնատեղին` սրա ձևը, դրա հետ միասին` նաև թաղումը, քանզի փայտով վիրավորված Ադամը նրանով իսկ ընկնելով` մեռավ: Եւ երկնային Ադամը, գթասիրաբար կամենալով նորագործել այստեղ թաղված ծառայի եւ նախահուր փրկությունը, հավիտենական արդարությունը բերեց` նման մարմնով լուծելով նրա մեղքը եւ մարմնով ճաշակելով մահը` սպանեց նրա մահը եւ Գողգոթա անվանվածը երկինքներից վեր բարձրացրեց:

Եւ մեղքի պատճառ անսուրբ փայտը փրկության պատճառի եւ սրբություն սրբոցի, սպանման տեղը` կենագործման տեղի, թաղումը` սքանչելի հարության փոխարկեց: Եւ փրկութեամբ մեղքի պատճառը վերացրեց, այն երկինքների երկինք եւ փառքի աթոռ դարձրեց եւ հավիտյան այնտեղ բնակվեց: Սրա պատիւը արդարապես ճանաչելը հավատն է հանդերձեալի նկատմամբ:

Իրենց բարեպաշտությունը ցույց տալու համար աստվածասեր թագավորներն ու մեծահարուստները, կամենալով զարմանալի ցույց տալ սրա պատիւը եւ որպեսզի մանկամիտ մարդկանց ձգեն` փափագելու այն, թանկագին քարերով զարդարեցին ու գեղեցկացրին այն` սրա պատիւը սոսկալի ցույց տալով: Մինչդեռ սա գերագույն, աստվածային, երկնային փառքով է զարդարված և սպասավորվում ու պաշտվում է հրեշտակների յոթնարփյան դասերի կողմից, որոնք իրենց Տիրոջն են տեսնում սրա վրայ: Այն բազմաչյա սերովբեներով ու վեցթեւյան քերովբեներով է  շրջապատված, որոնք իմանալի ձայներով անդադար երեքսրբյան սրբասացությունն են երգում սրա վրայ բարձրացած Աստծուն: Քանզի բոլոր աներեւույթներից հավատի հաստատուն նշան երեւեցնող աւրինակ է, Աստուծո ամենիմաստ առաջնորդ: Հին Աւրենքի խորանում քերովբեներն Աստծո հրամանով պատվում էին քավության սեղանը եւ հովանի էին լինում նրան, որի վրայ անբան ողջակեզների արյունն էր հեղվում: Այնտեղ նախապես ակներև աւրինակով սրա պատիվը ցույց տրվեց:

Երկնայինների սեղան այս խաչը երկրավորներիս կողմից խոստովանվում է ճշմարիտ քավարան: Եւ այս սեղան-խաչի եղջիւրները երկնային սուրբ Գառի` Աստծո Որդու դաստակների մեխերի փորվածքներից հոսած արյունից կարմիր ներկվեցին: Եւ մենք` երկրավորներս, սրա վրա այսպիսի փրկության համար մեր աղքատիկ խոսքով կցորդվելով մաքրագույն երջանիկ հոգիներին, մեր փրկության համար գովասանք հատուցենք այս փառավորեալ աստվածազոր սուրբ նշանին:

Աւրհնյա՛լ ես, աստվածազարդ քրիստոսապսակ սուրբ փա՛յտ, որ միակն ես անշունչների եւ շնչավորների, կենդանիների ու անկենդանների մեջ, որ անճառելի շնորհի հասնելով` փառավորվեցիր, որի համար էլ բանական էակներիս կամավոր երկրպագությունն ես պահանջում:

Աւրհնյա՛լ ես, քրիստոսապսակ սուրբ փա՛յտ, որ երկրի վրա բուսած լինելով` քեզ վրա իբրեւ պտուղ կրեցիր Անկրելիին եւ գերագույն երկինքների կամարների ծայրերը բարձրացար, լցրեցիր երկինքն իսկ, համայն երկնքի ու երկրի խորքերը, որ ծաղկեցիր իսրայելյան ազգի մեջ, եւ քո Պտղով լցվեց համայն տիեզերքը:

Աւրհնյա՛լ ես, աստվածազարդ սուրբ փա՛յտ, որ բուսելով երկրում` մեզ մոտեցրիր Եդեմում գտնվող եւ քերովբեների ու սերովբեների բոցեղեն սրերով շրջափակված փայտը եւ մահվան իշխանության տակ ընկածներիս համար ձրի կենդանություն ծաղկեցնելով` կյանքի փայտ դարձար:

Աւրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, քանզի ինչպես առաջին փայտն իր գեղեցիկ ու քաղցր պտղով մահվան առիթ եղավ` հրապուրելով ադամածին կույսին, Կույսից ծնված [նոր] Ադամը քեզ վրա դառնություն ճաշակելով` կյանք պարգեւեց մարդկանց:

Աւրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, որ մեր գլորված նախահորը բարձրացնող ցուպ եւ հաստատող գավազան եղար: Որի համար էլ մարգարեն նրա անունով գոհության խոսքեր է ասում Փրկողին. «Քո ցուպն ու գավազանը կմխիթարեն ինձ» [Սաղմ. ԻԲ 4]: Իմաստունը նույնպես, իր հոգու աչքերը նրան հառելով, ասում է. «Կենաց փայտ է նրանց համար, ովքեր ապավինում են նրան եւ վստահութեամբ հենվում նրա վրա» [Առ. Գ 18]:

Աւրհնյա՛լ ես, կենա՛ց փայտ, իմանալի տապա՛ն, որ այս կենցաղի խեղդող ծովի ծփացող ալիքների միջից քեզ ապավինած հոգիներին թեթեւորեն դեպի երկինք ես բարձրացնում` բաց ունենալով Քո վերնատան դուռը` սուրբ եւ տերունական կողը, որի վրա Տերդ արձակված հրեշտակի` շյուղաբեր աղավնու փոխարեն բացված իմանալի ձեղունով մարդկային սուրբ բանական հոգին Հորը ավանդեցիր բարբառովդ, որը ձիթենու ճյուղը` որդեգրության պայմանն առած` բերում է մարդկային ազգին:

Աւրհնյա՛լ ես, աստվածազարդ սուրբ փա՛յտ, ճշմարիտ տո՛ւնկ, որ քեզնից կախված գառով ոչ միայն Իսահակը, այլ Ադամի բոլոր ծնունդները փրկվեցին մահից:

Աւրհնյա՛լ ես, կենա՛ց փայտ, դեպի երկինք տանող իմանալի սանդո՛ւղք, որով զվարթունների դասերը մշտապես երկիր են իջնում եւ ելնում, եւ Տերը քեզ վրա հաստատվեց, որը Հակոբը հեռվից տեսավ եւ հրաշքից սոսկալով` Քո տեղը երկնքի դուռ, իսկ Բեթելը Աստծո տուն անվանեց:

Աւրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, որ քո խորհրդով Եգիպտոսում մորթված գառնուկների արյունով պատած դռներով, որպես դեպի երկինք տանող մուտքով, իբրեւ աւրինակ տիեզերքի անդրանկի` Ադամի, փրկվեցին Իսրայելի անդրանիկները: Որից հոգիներն [առավել] քան մարմինները վերցնելով` ողորմեցիր [և դարձրիր] դեպի Քո ժառանգությունը, ուր կաթ ու մեղր է բխում:

Աւրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, որ քո խորհրդով [Մովսեսը] ջրից վերցված գավազանով ջրերին հարվածելով` փոխեց դրանց բնույթը եւ կարծրացրեց դրանք, եւ ժայռին հարվածելով` հոսեցրեց այն, եւ բազուկներն իբրև խաչ տարածելով` մարտում հաղթեց Բելիարին:

Աւրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, ամպանման սյուն, որ անտանելի լույսին ու հրին քեզ վրա կրելով` քեզ հետևողներիս մշտապես դեպի երկնային քաղաք ես առաջնորդում եւ լուսավորված պահում:

Աւրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, իմանալի տապանա՛կ, երկնային մանանայով լցված ոսկյա սափոր, հրաշաբեր գավազան` ծաղկով պայծառացած: Միաժամանակ եւ իրար հարմարեցված երկու տախտակ, քեզ վրա դրոշմվեց անճառելի Բան Աստված, եւ դու քեզ վրա վերցնելով` կրեցիր Աստվածութեամբ միավորված տերունական սուրբ մարմինը:

Աւրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, իմանալի քարեղեն և քառանկյուն տախտա՛կ, որի վրա ոչ թե մատներով տասնաբանյան դրոշմեց Աստված, այլ Սինայի փոխարեն Սիոնից Ինքը` անպարագրելի Աստված, ամբողջ աշխարհին շնորհեց ճշմարիտ աստվածճանաչողությունը:

Աւրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, իմանալի գավազա՛ն, որ չոր լինելով` նույն պահին դալարեց ոչ թե արքայական կաղնին, այլ ամենքի Թագավորը, որ անթառամ եւ երկնային ծաղիկ ծաղկեցրիր, եւ ոչ միայն այս, այլ նաեւ փրկական ջրի ու արյան կենդանի աղբյուր բխեց քո ծայրից, որով լցվեց ամբողջ տիեզերքը:

Աւրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, քեզ Հիսուս Ինքը Իր վրա վերցրեց, որպեսզի մինչեւ արեգակի մայր մտնելն իսպառ սպանի թագավորող մեղքը, եւ կախվեց քեզնից` թեւավորիցդ, որին գիրը երկճյուղ է անվանում:

Աւրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, որ Հաբելի փոխարեն Կույսի Որդին քեզ վրա մեխեց ծնոտը, որով [առաջին մարդը] ճաշակել էր դառնությունն ու մահը, որին զգետնելով` սպանեց:

Աւրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, որ այս կյանքի հորձանուտի մեջ պտտվողներիս կարթի նման բռնելով` մահվանից կյանքի ձգեցիր, որ իմանալի վիշապին կորցնող կարթ եղար` նրա քիմքի մեջ ընկնելով:

Աւրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, իմանալի աշտանա՛կ` ամեն մի ոսկուց պատվական, որ իմանալի Լույսին քեզ վրա ունենալով` յոթ ճառագայթների փայլմամբ աշխարհի լույս եղար:

Աւրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, որ սեղան եղար հրեղեն հացին, որին բարձրացնելու համար սերովբեն ունելիի կարիք ուներ:

Աւրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, որ վերագույն մորենու` Կույսի մեջ բնավորվեցիր հրաշքով: Եվ նրա մարմինն ու զգայարանները դիմացան հրին` հրաշալի ցամաքություն հանդես բերելով. այն հյութի եւ դալարագեղ թփի դիմանալը աննյութական հրին պատկառանքի ու զարմանքի տեղի է տալիս: Իսկ քո հույժ դյուրակեզ չորությունը իմանալի բորբոքուն քուրայից հրագույնն առավ, հրախառն սուրբ արյան հոսմամբ իջավ քեզ վրա, իսկ դու անկեզ պահվեցիր, առավել բարձր ես հրաշքից: Որի համար և նա` Կույսը, ով իր որովայնում կրեց այդ հուրը, կամավորապես քեզ երկրպագեց: Քանզի անտանելի, արյունոտ հրի ահավորությունից այն ժամանակ բոլոր տարերքները, միաժամանակ նաեւ երկիրն իր վրա գտնվողներով հանդերձ, երկինքը եւ նրանք, որ երկնքում են` հրեշտակները, սասանվեցին, մինչեւ իսկ կքակտվեին, եթե չնայեին, չկրեին ամեն բան կրող Հրին:

Լուսինը, ավելի ցած գտնվելով, ներքևում գտնվողներին երեւութապես իր արյունը բերեց, իսկ Անփոփոխի անվանակիրը` արեգակը, իմանալի ծայրագույն պատվով հնար մտածեց չբերել իր հուրն ու լույսը, նա պատկառանքի քող գցեց, որովհետև ճշմարտությունը թագավորելու ժամանակ պիտի լռի ամեն մի կարծեցյալ զորություն, որ հույժ համբավված է այս աշխարհում:

Ո՜վ փայտի շնչի հրաշքին. իսկ դու Լիբանանից մի ձողիկ, չոր փայտ, կրելով ամենը` արյունը, հուրը և լույսը, և նույնությամբ ամբողջ պահելով, ելքդ, փա՛յտ, մի կողմ չդրեցիր:

Ո՜վ հրաշքին, երկնքում անմարմնասեր լուսատուն` արյուն, երկրավոր եւ մարմնասեր արյունը քեզ վրա` լույս եւ հուր, որ նշանակում է Աստվածությունը` երկրում, եւ մարդիկ` երկնքում, եւ հրի ու արյան` երկնքի` երկիր փոխադրության այս ահավոր հրաշքը նախապես ցույց տվեցիր մարգարեին:

Ո՜վ հրաշքին, երկնային հուրն ի վերուստ նայելով քեզ` ցայտող հրալից արյունիդ, կիզվելով հանգավ: Իսկ դու, փոքր-ինչ խռիվ չոր փայտ, քեզ վրա նույն հուրն ընդունելով` անկեզ մնացիր:

Ո՜վ հրաշքին, այդ ահավոր հրիդ երևույթից հաստակառույց երկիրը հիմքից սասանվեց դղրդալով, իսկ արձագանքը, ճեղքելով ժայռերը, պատռեց դրանք: Իսկ դու տունկի մի ճյուղ, չոր փայտ, մանավանդ եղեգի մի ծիղ, առանց ջախջախվելու ու անսասան մնացիր, հույժ բյուրապատիկ առավել ես հրաշքից:

Աւրհնյա՛լ ես, սուրբ փայտ, իմանալի հնձան, քանի որ քեզ վրա երկնային ողկույզը ճզմվեց, Նա, ով մեր կյանքի թշնամուն հնձանի պես կոխկռտեց և նրա մաղձը դուրս թափեց:

Աւրհնյա՛լ ես, սուրբ փայտ, իմանալի կամուրջ, որ մարդկանց մահվանից դեպի կյանք անցկացրիր:

Աւրհնյա՛լ ես, սուրբ փայտ, իմանալի մագաղաթ, քանզի քեզ վրա անջնջելիորեն գրվեց մեր ազատության ու որդեգրության կտակը, ոչ թե թանաքով և ոչ էլ մատներով, այլ որ անպատմելի է` Աստծո Որդու արյունով:

Աւրհնյա՛լ ես, սուրբ փայտ, կենարար սուրբ Հովվի իմանալի գավազան, քանի որ քեզնով ընտրվելով են զատվում Եկեղեցու անարատ գառները` ապականողից աներկյուղ, գազանից ապահով, ճակատին արված նշանով ազատվելով ապագա օրից և աստվածային բարկության սրից:

Աւրհնյա՛լ ես, սուրբ փայտ, անձայն բարեխա՛ւս, հրեշտակների նախատի՛պ, սրբություն Տիրոջ իմանալի փառքի՝ Եկեղեցու փառք, առաքեալների պարծանք, մարգարեների հանդիսադիր, մարտիրոսների պսակ, քահանաների շնորհաբաշխություն, վարդապետների հավատի սահման, թագավորների հաղթանակ, իշխաների քաջության հույս, քրիստոսասեր զորքերի առաջապահ, առաջամարտիկների քաջալերություն, նահատակների զորավիգ, վտանգվածների աւգնական, պարտվածների ապավեն, հալածվողների ապաստան, փախչողների պատսպարան, շվարածների խաղաղարար, նեղվածների լիացուցիչ, վշտացողների մխիթարություն, ցնծացողների գոհություն, մեծատուններին զգաստացնող, աղքատների անկողոպտելի գանձ, անզգամների զգաստություն, անկարգների խրատ, երիտասարդների պահապան, մանուկների դաստիարակ, ծերերի ժողովարան, ճանապարհորդողների առաջնորդ, հոգնածների հանգիստ, նավողների նավահանգիստ, մոլորվածների դարձ, տառապողների ապավեն հարկ, այրիներին հոգ տանող, որբերին խնամող, միայնացածների պարիսպ, ճգնավորների ժուժկալություն, ապաշխարողների իղձ, հիւանդացածների բժշկություն, դեւերին սարսափեցնող, հավատացեալների անձեռակերտ զենք, մեղավորների քավարան, անմեղների պահապան, ողջերի փրկարան, մեռածների հիշատակի հույս:

Արդ, ամեն բանով ամեն բանում աւրհնյա՛լ ես, սո՛ւրբ փայտ, որ ամենի նորոգման ժամանակ, երբ ամեն բան հրով փոփոխվի, երբ ավարտվի այն ահեղ, մեծ ու երեւելի Աւրը, ուշացող Փեսայի երևալու ժամանակ` վերջին գիշերը, դու երկնայինների առջեւից ընթացող կարապետ եւ հրավիրակ, ավետիսը կբերես երկնավոր Թագավորի գալստյան: Այնժամ անմատույց լույսով լուսավորելով աշխարհի չորս ծագերը` ճառագայթարձակ կծագես արեւելքից` իսպառ լռեցնելով լուսատուների կարծեցեալ ճաճանչները: Անտանելի փառքի լույսն այնժամ քեզ վրա կերեւա` ի հանդիմանություն անհավատների եւ ի պարծանք հավատացյալների, ի դատապարտություն անսուրբների եւ ի գովություն բարեգործների: Եւ հարություն առած սուրբերին Քրիստոսով կենդանիների` Փեսայի լուսազգեստ բարեկամների հետ միասին հարսանեաց հանդես կհրավիրես: Իսկ մոլորվածների ու ծույլերի համար, որոնք չեն երկրպագում քեզ, անլույս ու հարակեզ հնոց կդարձնես հուրը, որով աջ ու ձախ կողմերի պիտի բաժանվեն: Եվ երբ ամեն ոք, ով մաքրութեամբ իրեն արժանի դարձրեց, պսակվի, եւ նա, ով անփույթ գտնվեց իր փրկության նկատմամբ, օգնության կարիք ունենա, երբ կհասկանան, որ Համագոյակցի` ամենքի Հորը հնազանդվելը Որդու մարդեղությունն է քեզ վրա հնազանդվելու չափ, Աստված կլինի ամեն բան ամեն բանում:

Երբ ամեն բան ավարտվի, այնժամ բոլորի կողմից պիտի խոստովանվես փրկության մեն միակ գործիք` քրիստոնյաների պարծանքի եւ Քրիստոսի փառքի համար:

Այստեղ մեր Տիրոջ եւ Փրկչի` Հիսուս Քրիստոսի այս պայծառացյալ եւ պատվական սուրբ նշանով ավարտում եմ խոսքս. Նրան փառք հավիտյանս. ամեն:



samedi 14 octobre 2017

ԱՂԱՒԹՔ ԹԱՐԳՄԱՆԱՒՐԷՆ ՎԱՍՆ ՍՐԲԱԼՈՅՍ ԻՒՂՈՅՆ ՄԻՒՌՈՆԻ․ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

Աղաւթք մեկնաւրեն միւռոնի սրբալոյս իւղի մասին

19

Քանզի աւրհնաբանեալ միւռոնն այս, որ մարգարեն կանխաւ գրեթէ աղերսով էր խնդրում որպես աչքի լոյս, ըստ քերականականկազմութեան եւ ըստ Հոմերական ստուգաբանութեան նշանակում է ինձ մայր․ այսինքն լուծոյթ՝ մեր բնութիւնը զաւրապէս դէպի իրեն ձգող, որ հրաշալի մի փոխակերպմամբ լոյսի աւազանով լոյծ ջրերը դարձնում է կայուն, հաստատուն, եւ կաթը մածնող մակարդի նման՝ իր բնութեանն է վերափոխում ցնորական վայրագութիւնն իմ եւ լուանում է մշտահոս աղբիւրներով։

Միւռոնը մէկ այլ բառի համեմատ նշանակում է մառնամուտ, որը նույն միւռոնն է, այսինքն մթին, խաւարոտ, ծածկեալ կամ անտեսանելի․ տարաւրինակ չէ այս յորջորջումն այլաբանական, քանզի արդարեւ իրին համապատասխան անունն է որոշւում, որովհետեւ անքննելի եւ խորն է այս խորհուրդը, քան ամենայն սրբութիւն սրբոց։

Որովհետեւ ոչ թէ ջրի պէս աղտն է լոանում կամ հացի բնոյթով սիրտն է հաստատում, այլ նոր յատկութեամբ՝ զգայարանների վրայ բովանդակ տեառնագրւում է տնաւրինապէս, սակայն իր վերանցական անհասութեան պատճառաւ անքնին անուն ունի։

Քանզի ինչպէս ասւում, Աստուած իսկապէս անմատոյց լոյսի մէջ է, իսկ իր անսահման փառաւորութեամբ մեր ըմբռնումից անդին, անզննելի եւ փակ է մնում մեր իմացական բոլոր ձեռնարկմանց համար, նոյնպէս եւ այս ծորումը լուսէ, ճարտարաբան որոշ լեզուներից մռայլ է կոչւում՝ իբր մի անուն յաւելադրական, քանզի երկրածին բնութիւնն ի զաւրու չէ գիտենալու բնոյթը նրա։

Եւ աստուածային երկու անուններն էլ՝ տիրապէս եւ ճոխութեամբ է իր վրայ կրում․ քանզի կոչումն անուան Բարձրեալի նմանակերպելով՝ կրկնակի է յարգւում իւղս այս նուիրեալ ամենաբուրեան ազնիւ կնդրկաւ․ վասն զի, ըստ Մովսեսի՝ Մեր Աստուածը սպառող հուր է, եւ դարձեալ՝ լոյս է, ըստ Յովհաննէսի, ուստի եւ Եսային է ճշմարտապէս ակնարկում սրա մասին, ասելով՝ Եղիցի լոյսն Իսրայելի ի հուր։

ՄԱՇՏՈՑԻ ՍԽՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Եթե նկատի առնենք պատմական այն բացառիկ ծանր իրադրությունը, որի մեջ Մաշտոցը կարողացավ արթնացնել հայ ժողովրդի ազգային գիտակցությունը... եւ նրա այդ գործը համեմատենք Պիպինոսի ու նրա զինակից Վինփրիդի գործունեության հետ, որ նրանք արին գերմանական ժողովրդի համար, այս վերջինները խեղճ թզուկներ
կերեւան մտքի այդ հսկայի համեմատությամբ։

Մարկվարտ, գերմանացի գիտնական, հայագետ

jeudi 12 octobre 2017

ԳՐՔԵՐԻ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մենք գրքերին ենք պարտական այն գլխավոր բարերարությունների համար, որոնք սկիզբ են առնում բարձր բանական գործողություններից։

Ռ.Էմերսոն


Գիրքը հեքիաթային լապտեր է, որը մարդուն լույս է պարգեւում կյանքի ամենահեռավոր ու մթին ճանապարհներին։

Ա.Ուպիտ


Գրականությունը հանված է մարմանդ այրվելու աւրենքներից։ Միայն նա է, որ չի ընդունում մահը։

Մ.Սալտիկով-Շչեդրին


Գրքերն ունեն անմահության ընդունակություն։ Դրանք մարդկային գործունեության ամենահարատեւ պտուղներն են։

Ս.Սմայլս

mercredi 11 octobre 2017

ԱԶԳԵՐԻ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ցանկացած ժողովրդի բարքերն իմանալու համար ձգտիր նախ ուսումնասիրել նրա լեզուն։

Պյութագորաս


Ժողովրդի լեզուն միշտ ամենասերտ կերպով կապված է ազգային ոգու հետ։

Վ. Հումբոլդտ


Ազգի հոգու ունակությունը իր լեզվի շարահյուսությունն է։

Վ․ Հումբոլդտ


Հնչյունները նյութական են, բայց բոլոր նյութական երեւույթներից ամենից աննյութականը, այնքան նուրբ, որ չափից դուրս չեն կոպտացնում մեր մտքերը, ամենից հարմարն են գալիս մեր մտքերի ձեւավորման, արտահայտման համար։ Հնչյունները տաճար են, որտեղ ապրում է միտքը։ Միաժամանակ լեզուն ինքը կառուցում է այդ տաճարը։ Լեզուն ոգու եւ մտքի հնչյունակերտ տաճար է։

Վ․ Հումբոլդտ


Իմ գիտցած լեզուներուն մեջ հայերենը բացառիկ է․․․ Նախ որպես զարմանալի տրամաբանական լեզու, ապա նաև` իր ճկունությամբ, նոր բառեր կազմելու դյուրություններով:

Փ․Փեյդի



Նա, ով ունի լեզուն, «ունի» աշխարհը։

Հանս Գադամեր

dimanche 11 décembre 2016

ԱՂԱՒԹՔ ԹԱՐԳՄԱՆԱՒՐԷՆ ՎԱՍՆ ՍՐԲԱԼՈՅՍ ԻՒՂՈՅՆ ՄԻՒՌՈՆԻ․ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

Աղաւթք մեկնաւրեն միւռոնի սրբալոյս իւղի մասին



22
Դարձեալ՝ ըստ գրերի թուային արժէքի՝ քսան անգամ չորսի գումարը Այբուբենի քսաներկուերորդ գրի չափն է, որի բաղդատումով Միւռոնի խորհրդի խորությունը կարելի է լուսաբանել նրբորեն. քանզի եթե ութսուն թվի համազոր գրի (Ձ) փոխարեն տեղադրենք Ն գիրը, որ չորս հարիւր է նշանակում, կունենանք Նիւթ՝ փոխանակ Ձիւթի, որ համիմաստ է ստուգաբանորէն, եւ այս նիւթը պատկերն է այն խմորի, որը զանգվածը զորեղապէս իւրաշրջելու յատկութիւն ունի եւ ո՛չ թե սակաւը շատի մեջ է պարունակւում, այլ ընդհակառակը՝ ինքն է այն իր մէջ բովանդակում՝ ողջ զանգուածն իրեն վերափոխելով եւ աճեցնելով՝ համաձայն Աւետարանի առակին:

21
Այս իւղ զդրաւշեալն քառակուսեան յանուն քո, Յիսուս, նշանի բարձրելոյդ հաւասար հաստէ, շնորհ ընձեռեալ զուգափառ եւ նմանատիպ արեան կեցուցիչդ, նոյն անվանելի փառաւք պսակեալ` մեծացուցանէ: Փայտ անուանի իւղոյ աւրհնութեան, ըստ մարգարէին կանխաձայնութեան, զի հասարակաց կազմեցեալ բուսոց անտառաց զաւրապէս ուղղեալ, ի խակութենէ չարին արկածից եւ աւտար կարծեաց ի ստեղծողդ վերաբերեալ` առ նոյն նիւթս կենաց հասուն ներգործէ: Զի եւ որ ի մեզ մտիցն պատուհանաց մշտաբացիկ թափանցանցութիւնք, յանուն մեծութեան ահաւորիդ զաւրութեան ի խոհական իմն համեստութիւն քեւ տեառնագրեցեալ` առ ի յըղձակերտ աւթեւան Հոգւոյդ, անազդելի պատրանաց չարին խաւարահողմ խարդախողին: Այսու լուսով զսպեալ ամփոփիմք ի նուագ գոհութեան երեկորեացն պաշտաման ընդ երկնայնոցն ղամբարաց` առ աւրինակ վառման շնորհիդ, որ ի մեզ: Ի սոյն յիշատակ փրկութեան բարեացն սովաւ տնկեցեալ ծագի եւ ծաղկաւէտ եղեալ պտղածնի: Ի սպաս ընթրեացն պատրաստութեան յետնում գիշերի մեծիդ գալստեան` ահա զայս լոյս ճրագի համարեալ ի կիր արկանեմք:

mardi 6 décembre 2016

ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ 22:1-21

Հրեշտակն ինձ ցոյց տուեց նաեւ սառնորակ կենդանի ջրի մաքուր մի գետ, որ բխում էր Աստծու եւ Գառան գահից ու գնում էր քաղաքի հրապարակների միջով։ 2 Գետի եզերքին, մէկ եւ միւս կողմում, կար կենաց ծառ, որ տալիս էր տասներկու անգամ պտուղ. ամէն ամիս՝ իր պտուղը. եւ ծառի տերեւը ազգերի բուժման համար էր։ 3 Եւ այնտեղ այլեւս անեծք չի լինելու. Աստծու եւ նրա Գառան գահը գտնւում էր նրա մէջ. եւ նրա ծառաները պաշտում էին նրան.      4 նրանք տեսնում էին նրա դէմքը, եւ նրա անունը գրուած էր իրենց ճակատների վրայ։ 5 Եւ այնտեղ գիշեր չկար. այնտեղ ոչ մի կարիք չկար ճրագի եւ արեւի լոյսի, քանզի Տէր Աստուածը լուսաւորում էր նրանց. եւ նրանք պիտի թագաւորեն յաւիտեանս յաւիտենից։

 6 Հրեշտակն ինձ ասաց. «Այս խաւսքերը վստահելի են եւ ճշմարիտ. սուրբ մարգարէների Տէր Աստուածը իր հրեշտակին ուղարկեց իր այդ ծառայի մաւտ՝ ցոյց տալու այն, ինչ որ շուտով լինելու է։ 7«Ահա գալիս եմ շուտով։ Երանի՜ նրան, ով պահում է այս մարգարէութեան խաւսքը»։ 8 Եւ ես՝ Յովհաննէսը, լսեցի եւ տեսայ այս բոլորը. եւ երբ լսեցի ու տեսայ, ծնկի եկայ եւ երկրպագեցի այն հրեշտակին, որ ցոյց էր տալիս ինձ այս բոլորը։ 9 Բայց նա ասաց ինձ. «Իմ առաջ ծնկի մի՛ իջիր եւ մի՛ երկրպագիր, քանզի ես էլ ծառայակիցն եմ քո եւ քո եղբայրների, որոնք պահում են այս գրքի մարգարէութեան խաւսքը։ Երկրպագիր Աստծո՛ւն»։ 10 Եւ դարձեալ ինձ ասաց. «Այս գրքի մարգարէական խաւսքերը կնքուած մի՛ պահիր, քանզի ժամանակը մաւտ է։ 11 Նա, ով ամբարիշտ է, թող ամբարշտութիւն անի, ով կեղտոտ է, թող կեղտոտ լինի, ով արդար է, թող արդարութիւն անի եւ ով սուրբ է, թող սուրբ լինի»։ 12 «Ահա գալիս եմ շուտով, եւ ինձ հետ են իմ վարձերը, որպէսզի հատուցեմ իւրաքանչիւրին ըստ իր գործերի։ 13 Ես եմ Ալփ'ան եւ Աւմեղան, Սկիզբը եւ Վախճանը, Առաջինը եւ Վերջինը»։           14 Երանելի՜ են նրանք, որ պահում են նրա պատուիրանները։ Նրանք իրաւունք ունեն ուտելու կենաց ծառից եւ մտնելու քաղաքի դռներով։ 15 Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները եւ բոլոր նրանք, որ սիրում են սուտը, դուրս պիտի նետուեն»։

 16 «Ես՝ Յիսուսը, ուղարկեցի իմ հրեշտակին, որ այս բանը վկայի ձեզ՝ եկեղեցիներիդ։ Ես արմատ եւ սերունդ եմ Դաւթից, պայծառ աստղը առաւաւտի, 17 Հոգին եւ Փեսան, որ գալու եմ»։ Եւ ով լսում է, թող ասի՝ ե՛կ։ Եւ թող գայ, ով ծարաւ է. նաեւ՝ ով ուզում է առնել կենաց ջուրը՝ ձրի»։ 18 Վկայում եմ ես՝ Յովհաննէսը, ամէն մէկին, ով լսում է այս գրքի մարգարէութեան խաւսքերը. եթէ մէկը բան աւելացնի սրա վրայ, Աստուած էլ նրա վրայ պիտի աւելացնի այս գրքում գրուած եաւթը պատուհասները. 19 եւ եթէ մէկը բան պակասեցնի այս գրքի մարգարէութեան խաւսքերից, Աստուած պիտի պակասեցնի եւ պիտի կտրի նրա բաժինը կենաց ծառից եւ սուրբ քաղաքից՝ ինչպէս որ գրուած է այս գրքում։ 20 Ով այս մասին վկայեց, ասաց. «Ես գալիս եմ շուտով»։ Ամէն։ Ե՛կ, Տէ՛ր Յիսուս Քրիստոս։ 21 Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը լինի բոլոր սրբերի վրայ։ Ամէն։

ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ 21:1-27 ՆՈՐ ԵՐԿԻՆՔ, ՆՈՐ ԵՐԿԻՐ

Ապա տեսայ նոր երկինք ու նոր երկիր, քանզի առաջին երկինքն ու երկիրը անցել էին. եւ այլեւս ծով չկար: 2 Եւ տեսայ սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղէմը, որ իջնում էր Աստծուց եւ երկնքից՝ զարդարուած ու պատրաստուած, ինչպէս հարսը իր փեսայի համար: 3 Եւ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահաւա՛սիկ Աստծոյ խորանը, որ մարդկանց մէջ է. նա պիտի բնակուի նրանց հետ, եւ նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, եւ նա էլ՝ նրանց Աստուածը. 4 եւ պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք. եւ այլեւս մահ չկայ՝ ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն անցաւ»:

5 Եւ գահի վրայ նստողն ինձ ասաց. «Ահաւասիկ ամէն բան նոր եմ դարձնում»: Ապա ինձ ասաց. «Գրի՛ր, այս խաւսքերը ճշմարիտ եւ վստահելի են»: 6 Դարձեալ ինձ ասաց. «Եղաւ. ես Ալփ'ան եւ Աւմեղան եմ, Սկիզբը եւ Վախճանը. ես ծարաւածներին ձրի պիտի տամ կեանքի ջրի աղբիւրից: 7 Ով յաղթի, պիտի ժառանգի այս ամէնը. եւ ես նրանց համար Աստուած պիտի լինեմ, եւ նրանք ինձ համար պիտի լինեն որդիներ: 8 Իսկ գալով ծոյլերին ու անհաւատներին, ոճրագործներին եւ պոռնիկներին, կախարդներին եւ կռապաշտներին, հմայողներին եւ բոլոր ստախոսներին՝ ամբարիշտներին, նրանց բաժինը ծծմբով եւ հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է»:

9 Եւ ինձ մաւտ եկաւ մէկն այն եաւթ հրեշտակներից, որոնք ունէին եաւթ սկաւառակներ՝ լցուած եաւթ վերջին պատուհասներով. եւ նա խաւսեց ինձ հետ ու ասաց. «Ե՛կ, քեզ պիտի ցոյց տամ հարսին՝ Գառան կնոջը»: 10 Եւ առաւ տարաւ ինձ հոգով դէպի մի բարձր ու մեծ լեռ եւ ցոյց տուեց ինձ մեծ եւ սուրբ քաղաքը՝ Երուսաղէմը, որ իջել էր երկնքից՝ Աստծոյ մաւտից:      11 Այն ունէր Աստծոյ փառքը. եւ նրա մէջ կար մի լուսաւորութիւն՝ նման թանկագին գոհարեղէնի, ինչպէս բիւրեղեայ եւ կենդանի յասպիս քարը: 12 Եւ նրա պարիսպները մեծ ու բարձր էին, ունէր տասներկու դուռ. տասներկու դռներին՝ տասներկու հրեշտակներ. նրանցից իւրաքանչիւրի անունը գրուած էր դռների վրայ՝ ըստ Իսրայէլի տասներկու ցեղերի անունների: 13 Արեւելեան կողմից՝ երեք դուռ, հիւսիսային կողմից՝ երեք դուռ, հարաւային կողմից՝ երեք դուռ եւ արեւմտեան կողմից՝ երեք դուռ: 14 Եւ քաղաքի պարիսպն ունէր տասներկու հիմքեր. նրանց վրայ՝ Գառան տասներկու առաքեալների տասներկու անունները: 15 Եւ նա, ով խաւսում էր ինձ հետ, իր ձեռքում ունէր ոսկէ եղէգ, որպէսզի չափի քաղաքը եւ նրա դռներն ու նրա պարիսպները: 16 Եւ քաղաքը քառակուսի էր. որչափ որ նրա երկարութիւնն էր, նոյնչափ էլ՝ նրա լայնութիւնը, բարձրութիւնն էլ՝ նոյնը: Նրա երկարութեան չափը շուրջ երկու հազար հինգ հարիւր կիլոմետր էր, նրա լայնութիւնն ու բարձրութիւնը՝ միաչափ խորանարդ:               17 Հրեշտակը չափեց նաեւ նրա պարիսպը, որի բարձրութիւնը եաւթանասուն մետր էր.

հրեշտակի գործածած չափը մարդկանց գործածած չափն էր: 18 Եւ քաղաքի պարիսպների շինուածքը յասպիս քարից էր, իսկ քաղաքը՝ մաքուր ոսկի՝ նման մաքուր ու պայծառ ապակու: 19 Եւ քաղաքի հիմքերը ամէն տեսակ թանկագին քարերից էին. պարսպի առաջին հիմքը՝ յասպիս, երկրորդը՝ շափիւղայ, երրորդը՝ կարկեհան, չորրորդը՝ զմրուխտ, 20 հինգերորդը՝ եղնգաքար, վեցերորդը՝ սարդիոն, եթերորդը՝ ոսկեքար, ութերորդը՝ բիւրեղ, իններորդը՝ տպազիոն, տասներորդը՝ քրիւսոպրասոս, տասնմէկերորդը՝ յակինթ, տասներկուերորդը՝ մեղեսիկ: 21 Եւ կային տասներկու դռներ՝ տասներկու միաձեւ մարգարիտներից. ամէն մի դուռ մէկ մարգարտից էր: Եւ քաղաքի տարածքը մաքուր ոսկի էր՝ նման պայծառ ապակու: 22 Եւ քաղաքի մէջ տաճար չտեսայ, քանզի Ամենակալ Տէր Աստուածն էր տաճար նրա մէջ, նաեւ՝ Գառը: 23 Եւ քաղաքին պէտք չէին արեգակ ու լուսին, որպէսզի լուսաւորեն այն. քանզի Աստծոյ փառքն էր լուսաւորում քաղաքը ամէն ժամ, եւ Գառը ճրագ էր նրա մէջ: 24 Եւ ազգերն ընթանում էին նրա լոյսով, ու երկրի թագաւորները լոյս էին հագնում նրա փառքից: 25 Նրա դռները չէին փակւում զաւր ու գիշեր, այլ միշտ բաց էին. եւ գիշեր չէր լինում նրա մէջ. 26 այն փառք ու պատիվ էր ազգերին: 27 Եւ այնտեղ չպիտի մտնի ոչ մի չարակամ, պիղծ եւ ստախոս մարդ, այլ պիտի մտնեն միայն նրանք, որոնց անունները գրված են Գառան կեանքի գրքում: