dimanche 11 décembre 2016

ԱՂԱՒԹՔ ԹԱՐԳՄԱՆԱՒՐԷՆ ՎԱՍՆ ՍՐԲԱԼՈՅՍ ԻՒՂՈՅՆ ՄԻՒՌՈՆԻ․ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

Աղաւթք մեկնաւրեն միւռոնի սրբալոյս իւղի մասին



22
Դարձեալ՝ ըստ գրերի թուային արժէքի՝ քսան անգամ չորսի գումարը Այբուբենի քսաներկուերորդ գրի չափն է, որի բաղդատումով Միւռոնի խորհրդի խորությունը կարելի է լուսաբանել նրբորեն. քանզի եթե ութսուն թվի համազոր գրի (Ձ) փոխարեն տեղադրենք Ն գիրը, որ չորս հարիւր է նշանակում, կունենանք Նիւթ՝ փոխանակ Ձիւթի, որ համիմաստ է ստուգաբանորէն, եւ այս նիւթը պատկերն է այն խմորի, որը զանգվածը զորեղապէս իւրաշրջելու յատկութիւն ունի եւ ո՛չ թե սակաւը շատի մեջ է պարունակւում, այլ ընդհակառակը՝ ինքն է այն իր մէջ բովանդակում՝ ողջ զանգուածն իրեն վերափոխելով եւ աճեցնելով՝ համաձայն Աւետարանի առակին:

21
Այս իւղ զդրաւշեալն քառակուսեան յանուն քո, Յիսուս, նշանի բարձրելոյդ հաւասար հաստէ, շնորհ ընձեռեալ զուգափառ եւ նմանատիպ արեան կեցուցիչդ, նոյն անվանելի փառաւք պսակեալ` մեծացուցանէ: Փայտ անուանի իւղոյ աւրհնութեան, ըստ մարգարէին կանխաձայնութեան, զի հասարակաց կազմեցեալ բուսոց անտառաց զաւրապէս ուղղեալ, ի խակութենէ չարին արկածից եւ աւտար կարծեաց ի ստեղծողդ վերաբերեալ` առ նոյն նիւթս կենաց հասուն ներգործէ: Զի եւ որ ի մեզ մտիցն պատուհանաց մշտաբացիկ թափանցանցութիւնք, յանուն մեծութեան ահաւորիդ զաւրութեան ի խոհական իմն համեստութիւն քեւ տեառնագրեցեալ` առ ի յըղձակերտ աւթեւան Հոգւոյդ, անազդելի պատրանաց չարին խաւարահողմ խարդախողին: Այսու լուսով զսպեալ ամփոփիմք ի նուագ գոհութեան երեկորեացն պաշտաման ընդ երկնայնոցն ղամբարաց` առ աւրինակ վառման շնորհիդ, որ ի մեզ: Ի սոյն յիշատակ փրկութեան բարեացն սովաւ տնկեցեալ ծագի եւ ծաղկաւէտ եղեալ պտղածնի: Ի սպաս ընթրեացն պատրաստութեան յետնում գիշերի մեծիդ գալստեան` ահա զայս լոյս ճրագի համարեալ ի կիր արկանեմք:

mardi 6 décembre 2016

ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ 22:1-21

Հրեշտակն ինձ ցոյց տուեց նաեւ սառնորակ կենդանի ջրի մաքուր մի գետ, որ բխում էր Աստծու եւ Գառան գահից ու գնում էր քաղաքի հրապարակների միջով։ 2 Գետի եզերքին, մէկ եւ միւս կողմում, կար կենաց ծառ, որ տալիս էր տասներկու անգամ պտուղ. ամէն ամիս՝ իր պտուղը. եւ ծառի տերեւը ազգերի բուժման համար էր։ 3 Եւ այնտեղ այլեւս անեծք չի լինելու. Աստծու եւ նրա Գառան գահը գտնւում էր նրա մէջ. եւ նրա ծառաները պաշտում էին նրան.      4 նրանք տեսնում էին նրա դէմքը, եւ նրա անունը գրուած էր իրենց ճակատների վրայ։ 5 Եւ այնտեղ գիշեր չկար. այնտեղ ոչ մի կարիք չկար ճրագի եւ արեւի լոյսի, քանզի Տէր Աստուածը լուսաւորում էր նրանց. եւ նրանք պիտի թագաւորեն յաւիտեանս յաւիտենից։

 6 Հրեշտակն ինձ ասաց. «Այս խաւսքերը վստահելի են եւ ճշմարիտ. սուրբ մարգարէների Տէր Աստուածը իր հրեշտակին ուղարկեց իր այդ ծառայի մաւտ՝ ցոյց տալու այն, ինչ որ շուտով լինելու է։ 7«Ահա գալիս եմ շուտով։ Երանի՜ նրան, ով պահում է այս մարգարէութեան խաւսքը»։ 8 Եւ ես՝ Յովհաննէսը, լսեցի եւ տեսայ այս բոլորը. եւ երբ լսեցի ու տեսայ, ծնկի եկայ եւ երկրպագեցի այն հրեշտակին, որ ցոյց էր տալիս ինձ այս բոլորը։ 9 Բայց նա ասաց ինձ. «Իմ առաջ ծնկի մի՛ իջիր եւ մի՛ երկրպագիր, քանզի ես էլ ծառայակիցն եմ քո եւ քո եղբայրների, որոնք պահում են այս գրքի մարգարէութեան խաւսքը։ Երկրպագիր Աստծո՛ւն»։ 10 Եւ դարձեալ ինձ ասաց. «Այս գրքի մարգարէական խաւսքերը կնքուած մի՛ պահիր, քանզի ժամանակը մաւտ է։ 11 Նա, ով ամբարիշտ է, թող ամբարշտութիւն անի, ով կեղտոտ է, թող կեղտոտ լինի, ով արդար է, թող արդարութիւն անի եւ ով սուրբ է, թող սուրբ լինի»։ 12 «Ահա գալիս եմ շուտով, եւ ինձ հետ են իմ վարձերը, որպէսզի հատուցեմ իւրաքանչիւրին ըստ իր գործերի։ 13 Ես եմ Ալփ'ան եւ Աւմեղան, Սկիզբը եւ Վախճանը, Առաջինը եւ Վերջինը»։           14 Երանելի՜ են նրանք, որ պահում են նրա պատուիրանները։ Նրանք իրաւունք ունեն ուտելու կենաց ծառից եւ մտնելու քաղաքի դռներով։ 15 Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները եւ բոլոր նրանք, որ սիրում են սուտը, դուրս պիտի նետուեն»։

 16 «Ես՝ Յիսուսը, ուղարկեցի իմ հրեշտակին, որ այս բանը վկայի ձեզ՝ եկեղեցիներիդ։ Ես արմատ եւ սերունդ եմ Դաւթից, պայծառ աստղը առաւաւտի, 17 Հոգին եւ Փեսան, որ գալու եմ»։ Եւ ով լսում է, թող ասի՝ ե՛կ։ Եւ թող գայ, ով ծարաւ է. նաեւ՝ ով ուզում է առնել կենաց ջուրը՝ ձրի»։ 18 Վկայում եմ ես՝ Յովհաննէսը, ամէն մէկին, ով լսում է այս գրքի մարգարէութեան խաւսքերը. եթէ մէկը բան աւելացնի սրա վրայ, Աստուած էլ նրա վրայ պիտի աւելացնի այս գրքում գրուած եաւթը պատուհասները. 19 եւ եթէ մէկը բան պակասեցնի այս գրքի մարգարէութեան խաւսքերից, Աստուած պիտի պակասեցնի եւ պիտի կտրի նրա բաժինը կենաց ծառից եւ սուրբ քաղաքից՝ ինչպէս որ գրուած է այս գրքում։ 20 Ով այս մասին վկայեց, ասաց. «Ես գալիս եմ շուտով»։ Ամէն։ Ե՛կ, Տէ՛ր Յիսուս Քրիստոս։ 21 Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը լինի բոլոր սրբերի վրայ։ Ամէն։

ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ 21:1-27 ՆՈՐ ԵՐԿԻՆՔ, ՆՈՐ ԵՐԿԻՐ

Ապա տեսայ նոր երկինք ու նոր երկիր, քանզի առաջին երկինքն ու երկիրը անցել էին. եւ այլեւս ծով չկար: 2 Եւ տեսայ սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղէմը, որ իջնում էր Աստծուց եւ երկնքից՝ զարդարուած ու պատրաստուած, ինչպէս հարսը իր փեսայի համար: 3 Եւ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահաւա՛սիկ Աստծոյ խորանը, որ մարդկանց մէջ է. նա պիտի բնակուի նրանց հետ, եւ նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, եւ նա էլ՝ նրանց Աստուածը. 4 եւ պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք. եւ այլեւս մահ չկայ՝ ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն անցաւ»:

5 Եւ գահի վրայ նստողն ինձ ասաց. «Ահաւասիկ ամէն բան նոր եմ դարձնում»: Ապա ինձ ասաց. «Գրի՛ր, այս խաւսքերը ճշմարիտ եւ վստահելի են»: 6 Դարձեալ ինձ ասաց. «Եղաւ. ես Ալփ'ան եւ Աւմեղան եմ, Սկիզբը եւ Վախճանը. ես ծարաւածներին ձրի պիտի տամ կեանքի ջրի աղբիւրից: 7 Ով յաղթի, պիտի ժառանգի այս ամէնը. եւ ես նրանց համար Աստուած պիտի լինեմ, եւ նրանք ինձ համար պիտի լինեն որդիներ: 8 Իսկ գալով ծոյլերին ու անհաւատներին, ոճրագործներին եւ պոռնիկներին, կախարդներին եւ կռապաշտներին, հմայողներին եւ բոլոր ստախոսներին՝ ամբարիշտներին, նրանց բաժինը ծծմբով եւ հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է»:

9 Եւ ինձ մաւտ եկաւ մէկն այն եաւթ հրեշտակներից, որոնք ունէին եաւթ սկաւառակներ՝ լցուած եաւթ վերջին պատուհասներով. եւ նա խաւսեց ինձ հետ ու ասաց. «Ե՛կ, քեզ պիտի ցոյց տամ հարսին՝ Գառան կնոջը»: 10 Եւ առաւ տարաւ ինձ հոգով դէպի մի բարձր ու մեծ լեռ եւ ցոյց տուեց ինձ մեծ եւ սուրբ քաղաքը՝ Երուսաղէմը, որ իջել էր երկնքից՝ Աստծոյ մաւտից:      11 Այն ունէր Աստծոյ փառքը. եւ նրա մէջ կար մի լուսաւորութիւն՝ նման թանկագին գոհարեղէնի, ինչպէս բիւրեղեայ եւ կենդանի յասպիս քարը: 12 Եւ նրա պարիսպները մեծ ու բարձր էին, ունէր տասներկու դուռ. տասներկու դռներին՝ տասներկու հրեշտակներ. նրանցից իւրաքանչիւրի անունը գրուած էր դռների վրայ՝ ըստ Իսրայէլի տասներկու ցեղերի անունների: 13 Արեւելեան կողմից՝ երեք դուռ, հիւսիսային կողմից՝ երեք դուռ, հարաւային կողմից՝ երեք դուռ եւ արեւմտեան կողմից՝ երեք դուռ: 14 Եւ քաղաքի պարիսպն ունէր տասներկու հիմքեր. նրանց վրայ՝ Գառան տասներկու առաքեալների տասներկու անունները: 15 Եւ նա, ով խաւսում էր ինձ հետ, իր ձեռքում ունէր ոսկէ եղէգ, որպէսզի չափի քաղաքը եւ նրա դռներն ու նրա պարիսպները: 16 Եւ քաղաքը քառակուսի էր. որչափ որ նրա երկարութիւնն էր, նոյնչափ էլ՝ նրա լայնութիւնը, բարձրութիւնն էլ՝ նոյնը: Նրա երկարութեան չափը շուրջ երկու հազար հինգ հարիւր կիլոմետր էր, նրա լայնութիւնն ու բարձրութիւնը՝ միաչափ խորանարդ:               17 Հրեշտակը չափեց նաեւ նրա պարիսպը, որի բարձրութիւնը եաւթանասուն մետր էր.

հրեշտակի գործածած չափը մարդկանց գործածած չափն էր: 18 Եւ քաղաքի պարիսպների շինուածքը յասպիս քարից էր, իսկ քաղաքը՝ մաքուր ոսկի՝ նման մաքուր ու պայծառ ապակու: 19 Եւ քաղաքի հիմքերը ամէն տեսակ թանկագին քարերից էին. պարսպի առաջին հիմքը՝ յասպիս, երկրորդը՝ շափիւղայ, երրորդը՝ կարկեհան, չորրորդը՝ զմրուխտ, 20 հինգերորդը՝ եղնգաքար, վեցերորդը՝ սարդիոն, եթերորդը՝ ոսկեքար, ութերորդը՝ բիւրեղ, իններորդը՝ տպազիոն, տասներորդը՝ քրիւսոպրասոս, տասնմէկերորդը՝ յակինթ, տասներկուերորդը՝ մեղեսիկ: 21 Եւ կային տասներկու դռներ՝ տասներկու միաձեւ մարգարիտներից. ամէն մի դուռ մէկ մարգարտից էր: Եւ քաղաքի տարածքը մաքուր ոսկի էր՝ նման պայծառ ապակու: 22 Եւ քաղաքի մէջ տաճար չտեսայ, քանզի Ամենակալ Տէր Աստուածն էր տաճար նրա մէջ, նաեւ՝ Գառը: 23 Եւ քաղաքին պէտք չէին արեգակ ու լուսին, որպէսզի լուսաւորեն այն. քանզի Աստծոյ փառքն էր լուսաւորում քաղաքը ամէն ժամ, եւ Գառը ճրագ էր նրա մէջ: 24 Եւ ազգերն ընթանում էին նրա լոյսով, ու երկրի թագաւորները լոյս էին հագնում նրա փառքից: 25 Նրա դռները չէին փակւում զաւր ու գիշեր, այլ միշտ բաց էին. եւ գիշեր չէր լինում նրա մէջ. 26 այն փառք ու պատիվ էր ազգերին: 27 Եւ այնտեղ չպիտի մտնի ոչ մի չարակամ, պիղծ եւ ստախոս մարդ, այլ պիտի մտնեն միայն նրանք, որոնց անունները գրված են Գառան կեանքի գրքում: